ԱՄՆ նախագահի թեկնածուների ելույթների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց բառապաշարը և քերականությունն ավելի հարմար են միջին դպրոցի աշակերտին, քան պետության պոտենցիալ ղեկավարին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այսպիսի եզրակացության են եկել Քարնեգի Մելոնի համալսարանի Լեզվաբանական տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները:
Միաժամանակ, վատագույն ցուցանիշը հանրապետականների առաջատար Դոնալդ Թրամփինն է: Նրա բառապաշարը և քերականական կառույցները գնահատվում են 7-րդ դասարանի մակարդակի:
Ցուցակի առաջատար գիտնականները հայտարարել են դեմոկրատ Բեռնի Սանդերսին, որի ելույթները նման են եղել ամերիկյան սովորական դպրոցի 10-րդ դասարանցու խոսքի:
Երկրորդ տեղում Մարկո Ռուբիոն է, որը նախօրեին հայտարարել է պայքարից դուրս գալու մասին: Նրա բառապաշարը գործնականում հավասար է գործող նախագահի՝ «9-րդ դասարանցի» Բարաք Օբամայի խոսքին:
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը բառապաշարով առաջ է անցել իր ամուսնուց՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից, բայց հետ է մնացել պերճախոսությամբ:
Գիտնականներն ուսումնասիրել են նաև ԱՄՆ նախկին նախագահների խոսքերը: Վատագույն արդյունքը նկատվել է Ջորջ Բուշ-ավագի մոտ՝ նրան հավասար կարող էր խոսել 5-րդ դասարանցին, ամենալավը խոսել է Աբրահամ Լինքոլնը՝ ժամանակակից դպրոցի 11-րդ դասարանի մակարդակով:











































