Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունն այնքան քվե է ստանալու, որ խորհրդարանում լուրջ թիմով ներկայացված կլինի: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, որը չի բացառել իր անդամակցությունն այդ կուսակցությանը:
Դատարկմանը, որ Վարդան Օսկանյանի անունը կապվում է Մարտի 1-ի ոճրագործության հետ, Ստեփան Մարգարյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ պարոն Օսկանյանը հանգամանալից բացատրեց: Ես որևէ տրամաբանություն ու կապ չեմ տեսնում, թե ինչու է կապված Մարտի 1-ը, ասենք Օսկանյանի, առավել ևս կուսակցության հետ: Միակ բանը, որ ասվում է, այն է, որ այդ օրը Օսկանյանը ելույթ էր ունեցել: Ելույթ է ունեցել դեպքերից առաջ և կոչ արել պարզապես երկխոսության: Օսկանյանի մեղքն այդ ժամանակ պաշտոնյա լինելն է: Եթե այդպես է, ցանկացած պաշտոնյա պատասխանատվություն է կրում: Ինքը՝ Օսկանյանը, ասում է, որ պաշտոնյա լինելով՝ պատասխանատու է: Օսկանյանը որևէ լծակ չուներ մարտի 1-ի դեպքերի վրա ազդելու, ոչ հրաման տվողն էր, ոչ էլ բանակ ու իրավապահ համակարգ տեղաշարժողը»,-ընդգծեց Մարգարյանը:








































