Հունական խղճուկ ճամբարից հարյուրավոր ներգաղթյալներ, իրենց կյանքը ռիսկի ենթարկելով, անցնում են վտանգավոր գետը` Եվրոպա հասնելու նոր հուսահատ փորձ կատարելով, հայտնում է dailymail.co.uk-ը:
Վտանգավոր ճանապարհորդությունն արդեն խլել է երեք փախստականի կյանք` ներառյալ հղի կնոջ, որոնց մարմինները Մակեդոնիայի սահմանի մոտ այսօր առավոտյան հանվել են ջրից: Սակայն ժամեր անց շուրջ հազար այլ փախստականներ` ներառյալ կանայք, երեխաներ և հաշմանդամներ, դեպի գետը 6 կմ ճանապարհ են անցել այն բանից հետո, երբ իմացել են, որ մյուս կողմում ցանկապատ չկա:
Նկարներում երևում է, թե նրանք ինչպես են փորձում անցնել օրեր շարունակ տևած հորդառատ անձրևների հետևանքով խորացած գետը` մարդկային շղթաներ կազմած և պարան օգտագործելով:
Սակայն Մակեդոնիան անցած շաբաթ դադարել է փախստականներ ընդունելուց: Գետը անցնելուց հետո փախստականները հասել են սահմանի ցանկապատին և սկսել քայլել դրա երկայնքով` փորձելով ճանապարհ գտնել դեպի Մակեդոնիա:
Ավելի քան 12 հազար մարդ մնացել են սահմանի հունական կողմի լեփ-լեցուն ճամբարներում այն բանից հետո, երբ փախստականների գլխավոր ճանապարհը դեպի արևմտյան Եվրոպա անցած շաբաթ փակվել է:
Պաշտոնյաները հայտնել են, որ փակումը ներգաղթյալներին դրդում է դիմելու «հուսահատ գործողությունների», ովքեր փորձում են ավելի վտանգավոր անցումներ կատարել:






















































































