Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ու Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին չեն կարողացել համաձայնության գալ համատեղ նախագծերի գնահատականի հարցում։
Իրանական կողմը պնդում է, որ Բանդեր Աբասում ջերմաէլեկտրակայանի կառուցման ու Գարմսար-Ինչե-Բորուն երկաթգծի հատվածի էլեկտրաֆիկացման համար անհրաժեշտ է վերանայել գները՝ կապված Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո շուկայում նոր իրողությունների հայտնվելու հետ։
Վաեզին հայտարարել է, որ պայմանագրերում առաջարկված գինն ընդունելի է եղել մինչև պատժամիջոցների վերացումը, իսկ այժմ իրավիճակը փոխվել է։ Ռուսաստանը պատրաստ է համատեղ նախագծերի համար հատկացնել արտոնյալ պայմաններով 2.2 միլիարդ դոլարի վարկ։
Նովակի խոսքերով՝ ներկայումս այդ միջոցները գտնվում են «իրավական ձևակերպման» փուլում։ Նա ընդգծել է, որ նախագծերն անհրաժեշտ է հասցնել իրենց ավարտին, այլ ոչ թե առաջ քաշել նոր պայմաններ։










































