«Այսօր Թուրքիայի համար որևէ ելք չեմ տեսնում՝ բացի քաղաքացիական պատերազմից»,- ասել է Թուրքիայի Ազգային ժողովի քրդամետ HDP կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը ֆրանսիական Télérama-ին: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջը»:
Հայ պատգամավորի հետ զրույցը վարած լրագրողը նախ հարցադրում է արել, թե գաղթականների տագնապի առումով Թուրքիան դարձել է անշրջանցելի Եվրոպայի համար, բայց արդյոք վերջինս լավ կշռադատե՞լ է հավանական հետևանքները այն «դաշինք»-ի, որ ցանկանում է կնքել բռնակալ, ձեռնավարող, հալածախտից տառապող նախագահ Էրդողանի հետ: Էրդողանին նկարագրելու համար մեկ առ մեկ թվել է վերջին տարիների հատկանշական բոլոր դեպքերը, դիրքորոշումները, ռազմավարությունները, որոնք վրդովեցրել են ողջամիտ յուրաքանչյուր մարդու: Թուրքական իշխանությունների այդ գործողությունների նպատակն էր հասնել քրդերի նկատմամբ ներկայիս սանձազերծած հալածանքին:
Հարցին՝ լարումը անդադար սաստկանում է Թուրքիայում։ Ի՞նչն է դրա ծանրակշռության աստիճանը, Փայլանը առանց բառերը ծամծմելու պատախանել է. «Հարյուր տարի առաջ լիրբ և պատեհապաշտ մի կառավարություն՝ Երիտթուրքերի կառավարությունը, նախընտրեց ազգային փոքրամասնությանը վերագրել Թուրքիայի բոլոր հարցերը՝ ներառյալ համաշխարհային թատերաբեմում իր նվաստացումը։ Դա ավարտվեց ցեղասպանությամբ։ Այսօրվա քրդերը երեկվա հայերն են։ Նրանք սպանվում են ընդհանուր անտարբերության ներքո։ Ի տարբերություն հայերի՝ նրանք զինված են և կազմակերպված։ Բայց Էրդողանը թիրախ է դարձնում նաև խաղաղ բնակիչներին՝ ներառյալ կանանց և երեխաներին։ Իսկ Եվրոպան լռում է՝ սարսափած այն մտքից, որ Էրդողանը հանկարծ թույլ կտա Հունաստան անցնել այն երեք միլիոն սիրիացիներին, որոնց ընդունեցինք։ Այդ հանցավոր լռությունը, սակայն, ոչնչով չպիտի պաշտպանի Եվրոպան։ Եթե դեպքերը վատ ընթացք ստանան, այս անգամ էլ հարյուր հազարավոր քրդեր պիտի բախեն իր դուռը…»։
Հարցին՝ նո՞ւյնն է կրկնվում մեր աչքի առջև, Փայլանը պատասխանելով՝ նախ խստորեն դատապարտել է Թուրքիայի սիրիական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ Անկարան ցանկանում է հեռահար կառավարել այդ երկիրը՝ աջակցելով իսլամապաշտ խմբակցություններին, օրինակ՝ «Ալ-Նուսրային»: «Բայց դա ապուշություն է։ Սիրիան կարող է կառավարվել միայն բազմամշակութային հիմք ունեցող վարչաձևով»,- ասել է նա՝ հավելելով. «Մեկ այլ սխալ է Քրդական հարցը։ Մի քանի տարի առաջ խաղաղության գործընթաց էր ձեռնարկվել, որին աջացել էր անձամբ Էրդողանը։ Բայց այնպես, ինչպես 1914-15-ին, երկրի ղեկավարները սկսեցին հակամարտել փոքրամասնությունների դեմ՝ հրապարակավ նրանց մեղադրելով թուրք ազգի դավաճաններ լինելու մեջ, ներկայիս կառավարությունն էլ երկրի բոլոր հարցերի համար պատասխանատվությունը բարդում է քրդերի վրա։ Քանի որ թուրքերը չեն հաջողում «կարդալ» իրավիճակը, քավության նոխազ են փնտրում, ու ներկայում բիրտ կերպով հարձակվում են նրանց վրա: Այս ամբողջը թերևս քաղաքացիական մեծ պատերազմի սկզբի մասին է ահազանգում։ Հայերը հրացան չունեին և կազմակերպված էլ չէին, սակայն քրդերի դեպքում ճիշտ հակառակն է»։
Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս վտանգավոր վիճակից՝ հարցին Փայլանը տվել է հետևյալ պատասխանը. «Այս վիճակից դուրս գալու միակ միջոցը քրդերի հետ խաղաղության գործընթացն էր։ Սակայն Էրդողանը, որ պատեհապաշտ է, իշխանության մնալու ձև գտավ, շրջանցեց այդ գործընթացը և ընտրեց պատերազմը։ Բայց իմ ներքին ձայնը ինձ հուշում է, որ նա իր քաղաքական ասպարեզի վերջին փուլում է՝ շրջանի ավարտից առաջ»։
Հայ պատգամավորը պատասխանելով հաջորդ հարցին, թե ինչպիսի՞ դեր կարող են խաղալ գերտերությունները, դարձյալ զգայացունց հայտարարություններ է արել. «Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը և թե՛ Եվրոպան քաջ գիտակցում են, որ Թուրքիան զորակցում է «Ալ-Նուսրային»՝ հավելելով, թե ինքը մաս է կազմում երկրի բյուջն ուսումնասիրող խորհրդարանականների խմբին և անձամբ նկատել է, որ այդ բյուջեի որոշ տողեր հստակորեն որևէ հատկացումի չեն համապատասխանում: «Խոսքը միլիարդների մասին է»,- ընդգծել է նա: «Վստահ եմ, որ այդ գումարները օգտագործվել են ԴԱԻՇ-ի նման խմբակցություններին օժանդակելու նպատակով»,- ավելացրել է Փայլանը: Իրենք բացատրություններ են պահանջել, բայց ապարդյուն:
«Եվրոպան չի կարող շարունակել օգնել մի կառավարության, որ նման պահվածք է որդեգրել»,- ասել է նա: «Խոսքս ուղղում եմ եվրոպացիներին. եթե շարունակեք ձեր աջակցությունը Էրդողանին, մի օր էլ կտեսնեք, որ միլիոնավոր գաղթականներ կվազեն դեպի ձեր սահմանները, որովհետև ինչպիսին էլ լինի իր հետ ձեր ստորագրելիք համաձայնությունը, Էրդողանը չի կարող, չի ցանկանա իսկապես կասեցնել քրդերի և սիրիացիների մյուս կողմ անցքը։ Այն, ինչ նա անում է, հակասում է ձեր արժեքներին։ Եվ իր որոշումները հետզհետե կդառնան ավելի վատը»,- եզրակացրել է նա:
Փայլանը հոռետեսություն է հայտնել քրդերին վերաբերող խաղաղության գործընթացի կապակցությամբ՝ հաստատելով, որ երկու կողմերից էլ արմատական դիրքորոշումների տեր տարրեր կան, որոնք հավատ չեն ընծայում խաղաղության հնարավորությանը: Նրա խոսքով՝ իրենք, որպես HDP կուսակցություն, փորձել են տարհամոզել քրդական կողմի արմատականներին՝ բացատրելով, որ հավանական պատերազմը հարյուր հազարավոր կյանքեր կխլի, բայց այդ ջանքերը ապարդյուն են անցել: «Երբ արտասանում եմ խաղաղություն բառը, երկու կողմերն է հայհոյում են ինձ»,- ասել է Փայլանը: Ամեն ինչ վերադարձել է սկզբնական կիտին՝ զրոյին: «Չեք կարող պատկերացնել, թե որքան դժվար գործ է ամեն ինչ զրոյից վերսկսելը։ Մենք չենք կարող հաջողել առանց միջազգային աջակցության։ Առաջին աշխարհամարտի ժամանակ ԱՄՆ-ը, Անգլիան աչք փակեցին Հայոց ցեղասպանության վրա։ Արդյոք հիմա՞ էլ նույնը պիտի անեն քրդերի ջարդերի նկատմամբ»,- հարցադրում է անում նա:
Պատասխանելով Գեզիի շարժմամբ թուրք երիտասարդության՝ քաղաքականության մեջ ներգրավման մասին հարցին՝ Փայլանն ասել է, որ այսօր՝ այդ շարժումից շուրջ երեք տարի անց, անկարելի է երիտասարդների այդ զանգվածը վերադարձնել քաղաքականություն, որովհետև «այդ երիտասարդների մեծ մասը քրդերի նկատմամբ վախ ունի։ Որովհետև ամբողջ երեք սերունդ նրանց կրկնել է, որ քրդերը Թուրքիայի դավաճաններն են… Դրանում է Էրդողանի ուժը, քանի որ նա իր շուրջն է համախմբում ոչ միայն պահպանողական կրոնամետներին, այլև ազգայնամոլներին»։
Դեռ կարելի՞ է բանակցիլ Էրդողանի հետ՝ հարցին Փայլանը պատասխանել է, թե այլևս ոչ ոք ազդեցություն չի կարող ունենալ նրա վրա: Նրա խոսքով՝ խորհրդարանի շուրջ 250 պատգամավորներից, որոնց հետ ինքը զրուցել է, այլևս ոչ մեկին չի հաջողվում հանդիպել Էրդողանի հետ: «Նույնիսկ եթե այդ հնարավորությունը ունենային, միևնույն է՝ ոչ մեկը չի կարող քննադատել նրա որոշումները։ Մնացել են միայն զինվորականները և լրահավաք ծառայությունները։ Այդ պատճառով է, որ բացի քաղաքացիական պատերազմից՝ այլ լուծում ես չեմ տեսնում»,- նշել է նա:
Վերջում լրագրողն անդրադարձել է նաև Թուրքիայում մամուլի, լրագրողների դեմ գործադրվող ճնշումներին և հարցրել, թե արդյոք Փայլանը և՞ս ֆիզիկապես սպառնալիքի ենթակա է: Փայլանը պատասխանել է. «Անցյալ օրը մի նախարար ինձ սաստելով՝ ասաց. «Այսօր դեռ հանգիստ կարող եք պտտվել փողոցներով: Բայց վաղը-
մյուս օրը ամեն ինչ կարող է փոխվել»: Իրեն պատասխանեցի, որ ինքն իր ենթակայության ներքո հարյուրավոր ոստիկաններ ունի և կարող է ինձ սպանել տալ։ Բայց եթե ժողովրդի կողմից ընտրված անձը պիտի չկարենա ժողովրդավարության մասին խոսել և է՛լ ավելի ժողովրդավարություն պահանջել իր երկրում, ապա ո՞վ պետք է դա անի»։









































