ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը նախօրեին հրապարակել է զեկույց՝ նվիրված աշխարհում մահացության վարկանիշին: Ցուցակում ընդգրկվել են 225 երկիր և տարածք: Հայաստանը ցուցակի 61-րդ տեղում է: Հայաստանում մահացությունը միջինից բարձր է. պարզաբանում է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը:
Մահացածների 60-70 տոկոսը 60-ից բարձր տարիքային խումբն է կազմում, մինչդեռ մանկական մահացությունը անկում է գրանցվել:
2015թ. տվյալներով՝ Հայաստանում աճել է ինքասպանությունների թիվը:
Հայաստանում մահվան հիմնական պատճառ են հանդիսանում հիվանդությունները: Առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, երկրորդում՝ քաղցկեղը։ Երրորդ հորիզոնականը կիսում են շաքարային դիաբետն ու շնչառական հիվանդություւները: Մեր երկրում մահացության հինգ տոկոսը գրանցվում է արտաքին պատճառներով՝ թունավորումներ, ավտովթարներ ու դժբախտ պատահարներ:
Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը փաստում է, որ վերջին երկու տարիներին Հայաստանում մահացության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում:
Հայաստանում մեկ տարվա ընթացքում մահացության 65-70 տոկոսը տղամարդիկ են: Պաշտոնական ուսումնասիրությունները փաստում են, որ դա կապված է տղամարդկանց անառողջ ապրելակերպի հետ:












































