«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ են կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում: Իրավաբան.net–ը շարունակում է քաղաքացիներին իրազեկել ՀՀ օրենսդրության փոփոխությունների մասին:
Ստորև ներկայացնում ենք հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգի և պայմանների մասով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները:
Մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն.
Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածին (Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը) համապատասխան: Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:
Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:
Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:
Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:
Մանրամասները՝ iravaban.net կայքում









































