Այն բանից հետո, երբ ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան բացահայտեց, որ դժգոհություններ են եղել այն առթիվ, որ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, ՀՀ կառավարությունը որոշեց ազատել ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների համար գանձվող 20 տոկոս ԱԱՀ-ն: Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ԵՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաներից ավելացված արժեքի հարկը ավելի քան մեկ տարի ապօրինի հարկ է գանձվել: Կառավարությունն իմացել է, որ այդ հարկի գանձումը ապօրինի է, բայց շարունակել է գանձել ու գանձել:
Ազգային ժողովի պատգամավորներ Գարեգին Նուշիկյանն ու Վարդան Այվազյանը առաջարկել են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարել, որպեսզի ԵՏՄ տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաներն այլևս չհարկվեն ԱԱՀ-ով: Պատգամավորները գտնում են, որ ԵՏՄ-ն, հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ, և նշված սկզբունքն ամրագրված է նաև ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում:
«Այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը, մեր կարծիքով, հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է: Ուստի, նախագծով առաջարկվում է վերացնել այդ հակասությունը և անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք»,- վարչապետին ուղղված իրենց խոսքում նշում են պատգամավորները:
ԱԺ-ում Նուշիկյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ չի համարում, որ կառավարությունը վերադարձնի մեկ տարի ապօրինի գանձած ԱԱՀ-ն, և արդյոք ինքը չի պատրաստվում բարձրացնել այդ հարցը կառավարության առաջ: «Դա օրենքի շրջանակներից դուրս չի եղել, օրենքի բաց է եղել, և ներկայացված օրենքի նախագծը, ընդհանրապես օրենքները հետադարձ ուժ չեն ունենում: Դրա համար հետ չի վերադարձվելու»: Մեր հստակեցմանը, թե հնարավո՞ր չէ ընթացակարգ մշակել, որ եթե մարդիկ անարդար են վճարել, փոխհատուցվեն, Նուշիկյանը պատասխանեց. «Մենք համատեղ կքննարկենք և մաքսիմալ կաշխատենք լուծումներ գտնել այդ հարցում»:
2015-ին ՌԴ-ից ներկրվող մեքենաների մասնաբաժինը աճել է: 2014 թվականին Հայաստան էր ներկրվել 347 միլիոն դոլարի տրանսպորտային միջոց, իսկ 2015-ին` ընդամենը 196 միլիոն դոլարի:
Եթե կառավարությունը խնդրին լուծում չտա, քաղաքացիները կարող են դիմել դատարաններ՝ հետ ստանալու իրենց գումարները:









































