Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանն է ներկայացրել ռասիզմի ժամանակակից ձևերի էսկալացիայի անընդունելիության վերաբերյալ բանաձևի նախագիծ: Այն, ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, ուղղված է ռասիզմի, ռասայական խտրականության և այլատյացության ժամանակակից ձևերի էսկալացիային նպաստող պրակտիկային հակազդեցությանը:
Փաստաթղթի նախագծում, մասնավորապես, մտահոգություն է արտահայտվում Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիզմի դեմ պայքարած մարտիկների հուշարձանների պղծման կամ քանդման «չդադարող դեպքերի» կապակցությամբ:
Նախագծի հեղինակները նաև խորապես մտահոգված են տարբեր տիպի ծայրահեղական խմբավորումների, օրինակ` նեոնացիստների և «սքինհեդների» թվի աճով, որոնք հաճախ բռնության են դիմում այլ մաշկի գույնով, այլ կրոնական պատկանելության անձանց, ներգաղթյալների և փոքրամասնությունների նկատմամբ: