Հոլոքոստ տեսած 112-ամյա իսրայելցի Իսրայել Կրիստալը ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդ: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Կրիստալը ռեկորդակիր երկարակյաց է ճանաչվել, երբ Լեհաստանում գտնվել են նրա տարիքը հաստատող փաստաթղթեր:
Իսրայել Կրիստալը ծնվել է 1903-ին, Լեհաստանի Ժարնուվ քաղաքում: 1940-ին հայտնվել է գետտոյում, իսկ 1944-ին ուղարկվել Օսվենցիմ, որտեղ մահացել է նրա կինը: 1950-ին Կրիստալը գաղթել է Իսրայել և բնակություն հաստատել Հայֆայում՝ երկրորդ կնոջ ու իրենց որդու հետ: Օսվենցիմի նախկին կալանավորը շարունակում է զբաղվել հրուշակեղենի և գինու արտադրությամբ:
Մինչ այդ Կրիստալի ստացած ամենավաղ փաստաթուղթը եղել է 25 տարեկանում կնքված ամուսնության մասին վկայականը: Սակայն Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար անհրաժեշտ են եղել կյանքի առաջին 20 տարում ստացած փաստաթղթերը:
Կրիստալից առաջ մոլորակի ամենատարեց տղամարդը ճապոնացի Յասուտարո Կոյդեն էր, որն իր 113-ամյակից 2 ամիս առաջ մահացել է:







































