Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ, Սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովին։
Հանդիպման ժամանակ Ալիևը ընդգծել է երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ կարևորելով դրա էլ ավելի խորացումը։
Ալիևի խոսքով՝ դա կարող է նպաստել քրեական տարրերի, մաքսանենգների, ահաբեկիչների ու թմրավաճառների՝ երկու երկրների տարածքներ ներթափանցման կանխմանը։
Կուլիշովն իր հերթին հայտարարել է, որ երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջև համագործակցությունն ու գործունեության համակարգումը կրում են կառուցողական բնույթ։ Նա ընդգծել է, որ երկու երկրների սահմանապահ ծառայությունների միջև շփումներն իրականացվում են ոչ միայն ղեկավարության, այլև փորձագետների մակարդակով, ինչը կարևոր դեր է խաղում սահմանին իրավիճակը վերահսկելու և առանձին անձանց կողմից իրավախախտումները կանխելու համար։
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարներ Գասիմ Ռեզաիի ու Էլչին Գուլիևի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հարցը։
Ավելի վաղ ընդգծվել էր, որ հանդիպումը պետք է լիներ եռակողմ, և որ այդ հանդիպմանը պետք է մասնակցեր նաև Կուլիշովը։










































