ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է անվտանգության խնդիրները տարածաշրջանում և մյուս տարածաշրջաներում, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի սպառնալիքը։
Երուսաղեմում կայացած հանդիպման ժամանակ քաղաքական գործիչները խոսել են նաև սիրիական ճգնաժամի և Իրանի «ապակայունացնող գործողությունների» մասին՝ հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
Բացի այդ, հանդիպմանը կողմերը զրուցել են իսրայելցիների ու պաղեստինցիների միջև լարվածության մասին։
«Փոխնախագահն ու վարչապետը քննարկել են հնարավորություններն Իսրայելի համար՝ ամրապնդելու իր հարաբերությունները հարևանների հետ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում նոր գործընկերային հարաբերությունների հաշվին»,- նշել է Սպիտակ տունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենը դատապարտել է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի ժամանակ նա նույն քաղաքում հանդիպել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հետ։










































