ՄԱԿ-ում անհանգստություն են հայտնել նախօրեին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում ընդունված փախստականների խնդրի վերաբերյալ որոշման մի շարք դրույթների կապակցությամբ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը:
«Մենք անհանգստացած ենք ցանկացած որոշմամբ, որը ներառում է բոլոր մարդկանց մի երկրից մյուս երկիր ընդհանուր վերադարձ առանց փախստականների պաշտպանության սկզբունքների կիրառման՝ համաձայն միջազգային պարտավորությունների»,- ասվում է փաստաթղթում: Վարչությունում նշում են, որ ապաստան խնդրողները «պետք է պաշտպանված լինեն արտաքսվելուց»:
Վարչության հայտարարության մեջ ողջունվում է «ցանկացած նախաձեռնություն՝ ուղղված օրինական ուղիների աջակցությամբ մեծ թվով փախստականների ընդունմանը տարածաշրջանի բոլոր երկրներից՝ ոչ միայն Թուրքիայից և ոչ միայն սիրիացի, այլև երրորդ երկրների կողմից»:
Երկուշաբթի Թուրքիայի վարչապետը ԵՄ գագաթնաժողովում նոր առաջարկներ է ներկայացրել գործողությունների համատեղ ծրագրի վերաբերյալ՝ կոչված կրճատելու Թուրքիայից ԵՄ փախստականների հոսքը: Այն ենթադրում է բոլոր անօրինական ներգաղթյալների վերադարձ Թուրքիա, որոնք այդ երկրից մեկնել են ԵՄ՝ Թուրքիայում հայտնված սիրիացի ներգաղթյալների ԵՄ-ում օրինական վերաբնակեցման, մինչև 2018թ. Անկարային ներգաղթյալների համար լրացուցիչ 3 մլրդ եվրոյի հատկացման, այդ տարվա հունիսից առանց վիզայի ռեժիմի սահմանման և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործի նոր գլուխներ բացելու փոխարեն:










































