Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում քրդերի հետ կարգավորման գործընթացի ճարտարապետներից նախկին փոխվարչապետ Բեշիր Աթալայը երկար ժամանակ լռություն պահպանելուց հետո խախտել է այն։
Աթալայը հայտարարել է, որ Սիրիայի թեման թունավորել է (քրդերի հետ) կարգավորման գործընթացը։ Նա ընդգծել է, որ վերջին շրջանում երկրում հաճախակիացել են ռմբային հարձակումներն ու ահաբեկչությունները, որոնք ունեն սիրիական ծագում։
Աթալայը հայտարարել է, որ Սիրիայում ստեղծվել է «PKK-ի պետություն»՝ ընդգծելով, որ նկատի ունի ոչ թե քրդական պետություն, այլ հենց «PKK-ի պետություն», որին աջակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, Ասադի վարչակարգը։
Նա նույնպես հայտարարել է, որ PYD-ը (Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը) ու Ղանդիլը նույն բանն են, այսինքն՝ բոլորն էլ PKK են։ Աթալայը հույս է հայտնել, որ Թուրքիայի քուրդ քաղաքացիները խելամտություն կցուցաբերեն ու չեն աջակցի PKK-ին։











































