Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքէջը, վերջինիս մասնակցությամբ, մարտի 5-ին Երևանում նոր առևտրի կենտրոնի՝ Rossia mall-ի (այն չունի հայատառ անվանագիր) բացման արարողությանը նվիրված թվով 20 լուսանկարների շարքում տեղադրել է նաև Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի հանդիպման-ձեռքսեղման լուսանկարը: Լուսանկարում Սարգսյանը սառը ժպիտով, ընդգծված հեռավորությունից՝ ուղիղ նայելով Ծառուկյանին՝ ձեռք է մեկնում նրան: Ծառուկյանը, ընդհակառակը, ժպիտով, աչքերը խոնարհած, փոքր-ինչ առաջ գալով-թեքվելով, ամուր սեղմում է Սարգսյանի՝ մեծահոգաբար մեկնած ձեռքը: Ծանր տպավորություն թողնելով՝ այս խոսուն լուսանկար-վավերագիրը խտացնում-վավերացնում և ի ցույց է դնում՝ 1. հայ գործարարների վարքագիծը և կենսակերպը, 2.Սերժ Սարգսյանի քաղաքական և անձնային վարքագիծը, 3.Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումների կորագիծը:

Այս հիշարժան լուսանկարը կարող է նաև պատմական համարվել, քանի որ այն ամփոփում է ՀՀ նորագույն շրջանի պատմության մի շրջափուլ՝ Հայաստանի պարտությունների բացասական կորագծով: Այդ փուլը ներառում է՝ 1. մեծությամբ երկրորդ ՀՀ խորհրդարանական կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» փաստացի կազմալուծման, 2. ԲՀԿ երբեմնի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական, հասարակական, քաղաքական ծրագրերի ջախջախման, 3. Ծառուկյանի քաղաքական հավակնությունների գլխատման, 4.հայաստանյան գործարար աշխարհը քաղաքական իշխանությունից ամբողջական կախման մեջ դնելու և վերահսկելու, 5. 2015թ. Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքների կեղծման, 6. ՀՀԿ-ՀՅԴ ձախորդ կոալիցիայի ձևավորման հանգրվանները:
Պատմական ձախողումների այս հերթական շրջափուլը կավարտվի 2017թ. ապրիլին՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական կեղծված ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը կշարունակի միահեծան կառավարել…Հայաստանի քաղաքական դաշտի ավերակների վրա: Սակայն ավերակների թագավորն էլ իրեն թագավոր է համարում: Ի վերջո, Հայաստանի տնտեսական և քաղաքական դաշտում մեծամասնությունը նրանք են, ովքեր ձգտում են գոյատևել թեկուզև ավերակների վրա՝ հուսալով, որ կգան ավելի լավ ժամանակներ, մոռանալով, որ այդ ժամանակների արգելապատնեշները նաև իրենք են:
Հայաստանի ձախավեր քաղաքականության վավերագիրն է Սարգսյան-Ծառուկյան մարտիհինգյան հանդիպման լուսանկարը: Այդ՝ մի լուսանկարի քաղաքականությունը դարձել է Հայաստանի զարգացման արգելակը՝ գոցելով մեր պետության և հասարակության դարպասները առաջընթացի և զարգացման առջև: Մարտի 5-ին արված այդ լուսանկարի քաղաքականությամբ են ընթանում ՀՀ ներքին և արտաքին գործընթացները:

Երբ 2015 թ. փետրվարի 12-ին «Հանրապետական» կուսակցության Գերագույն մարմնի նսիտում Սերժ Սարգսյանի ելույթով ազդարարվեց Ծառուկյանի տնտեսական և քաղաքական հետապնդման մասին, իսկ մի քանի օր անց Ծառուկյանը ընդունեց Սերժ Սարգսյանի հպատակությունը, Հայաստանում փլուզվեցին ոչ միան Լևոն Տեր-Պետրոսյանի «բուրժուադեմոկրատական հեղափոխության» ծրագիրը, այլև այն քաղաքացիների հույսերը, ովքեր Հայաստանում փոփոխությունների հույսերը կապում էին Ծառուկյանի հետ: Փետրվարի 12-ի մեկ ելույթով Սերժ Սարգսյանը հիմնահատակ փոշիացրեց նրանց բոլորի հույսերը՝ Ալեքսանդր Մակեդոնացու հանգույն կտրելով իշխանափոխության պահանջների գորդյան հանգույցը:
Ընդամենը տասներեք ամիս է ամիս է անցել այն օրից, երբ Սերժ Սարգյանը վերոհիշյալ ելույթում հայտարարեց. «Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք», «Ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի»: «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», «Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը»,-Սերժ Սարգսյանի ելույթի այսևայլ մտքերը դարձել էին գրեթե թևավոր խոսքեր, որոնք բնութագրում էին նաև Սարգսյանի անձնային և քաղաքական վարքագիծը:
Գագիկ Ծառուկյանը այս ամենը հավանաբար մոռացել է, սակայն Հայաստանի հասարակությունը և հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, ամեն ինչ հիշում է՝ այս տարվա մարտի 5-ին մեծահոգաբար ձեռք մեկնելով Ծառուկյանին:
Ձեռքսեղմումը քաղաքական կատեգորիա չէ, մանավանդ որ հայ բանահյուսական միտքը հորդորում է՝ «Այն ձեռքը, որը չես կարողանում կտրել, համբուրիր և դիր ճակատիդ»: Սակայն հայ ավանդական պատվախնդրությունը և արժանապատվությունն արգելում են սեղմել այն ձեռքը, որը դեռ երեկ ձտում էիր կտրել, և որը քեզ ուժգին հարվածել է: Ձեռքսեղմումը քաղաքական կատեգորիա չէ այնպես, ինչպես սկզբունքայնությունը Հայաստանում քաղաքական կատեգորիա չէ:
Մարտի 5-ը ուշագրավ էր նաև մեկ այլ գործարարի՝ Խաչատուր Սուքիասյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմամբ: 2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքական և տնտեսական աջակցություն հայտնած «Սիլ կոնցեռնի» նախագահ Սուքիասյանը փաստացի դարձել էր քաղաքական վտարանդի: Այդ արյունալի իրադարձություններից ութ տարի անց Սուքիասյանը իր օտարանուն առևտրի կենտրոնի բացմանն է հրավիրում Սերժ Սարգսյանին և ի պատասխան լրագրողի հարցադրման՝ շեշտում է.«Ես բարիդրացիական հարաբերություններ ունեմ և՛ Սերժ Սարգսյանի, և՛ շատերի հետ։ Կարծում եմ՝ վերջին տարիներին Հայաստանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բավականին տեղեկացված մարդ է։ Ամեն ինչից տեղյակ է, կարծում եմ՝ նա նույնպես խրախուսում է, որպեսզի Հայաստանը զարգանա»:
Ոչինչ նոր չէ քաղաքականության մեջ, առավելապես՝ հայաստանան քաղաքական և տնտեսական կյանքում: Գագիկ Ծառուկյանը և Խաչատուր Սուքիասյանը գիտեն. Հայաստանում առանց Սերժ Սարգսյանի համաձայնության հնարավոր չէ խոշոր բիզնես և լուրջ քաղաքական ծրագրեր իրականացնել: Տնտեսության մասով Սերժ Սարգսյանն իր համաձայնությունը նրանց տվել է, քաղաքական մասով՝ մեկ տարի առաջ մերժել է Ծառուկյանին, ութ տարի առաջ՝ Սուքիասյանին:
Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքէջում թերևս պատահականորեն չէ տեղադրված Ծառուկյան-Սարգսյան ձեռքսեղման լուսանկարը: Ձեռքսեղմումը քաղաքական կատեգորիա չէ, այնպես, ինչպես հարմարվողականությունը քաղաքական կատեգորիա չէ: Սակայն արժանապատվությունը ոչ միայն անձնային հատկություն է, այլև քաղաքական վարքագիծ: Արժանապատվությունը հենց այն է, ինչից զրկված են հայաստանյան տնտեսական և քաղաքական դերակատարները: Արժանապատվությունը հենց այն է, ինչից զրկված է Հայաստանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարաբերություններում:
Նաև այդ պատճառով է Ծառուկյան-Սարգսյան ձեռքսեղման լուսանկարը դառնում պատմական. դա այսօրվա Հայաստանն է՝ մի լուսանկարի քաղաքականւթյամբ խարխափում ներկայի և ապագայի քառուղիներում:
Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է։











































