Թեև ՆԱՏՕ-ն այն գործիքը չէ, որը կկարողանա ամբողջությամբ լրացնել Հայաստանի անվտանգության ակտիվների պակասը, բայց անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացումը Հայաստանի համար պարզապես անհրաժեշտություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ ամփոփելով մարտի 3-ին Երևանում անցկացված «ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններ. հեռանկարներ Վարշավյան գագաթնաժողովին ընդառաջ» սեմինարի արդյունքները:
Սեմինարին մասնակցում էին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, Լեհաստանի դեսպանը և մի շարք հեղինակավոր փորձագետներ:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ունեն համագործակցության շատ ավելի լայն դաշտ, քան առկա է: Իհարկե, հասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ն զգուշավոր բազում խնդիրներ ունեցող, թեպետ իր համար շատ կարևոր այս տարածաշրջանում, կարծում է Սաֆարյանը, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն գիտակցում է, որ ավելի մեծ համագործակցություն հնարավոր է Հարավային Կովկասի երկրների հետ՝ չնայած ՆԱՏՕ-ի տարբերակված մոտեցմանը:
«Եթե մենք գիտակցում ենք, որ անվտանգությունը ամենուրեք հանդիպող անհրաժեշտ հանգամանք է, բնականաբար պիտի փնտրենք ավելի մեծ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ն այն գործիքը չէ, որը կկարողանա 100 տոկոսով լրացնել Հայաստանի անվտանգության ակտիվների դեֆիցիտը, բայց մի բան ակնհայտ է, որ անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացումը Հայաստանի համար ուղղակիորեն և անուղղակիորեն դառնում է անվտանգության միջոց: Պարտադիր չէ, որ ինչ-որ մի բան տան, որ քո անվտանգությունը բարելավվի: Հայաստանի ազատ, ինքնիշխան և ինքնաբավ հարաբերությունները ՆԱՏՕ-ի պես գլոբալ ուժի հետ արդեն իսկ անվտանգության որոշակի մակարդակ են»:
Քաղաքագետը համաժողովի ընթացքում շեշտել էր, որ կայունությունն ու խաղաղությունը Հարավային Կովկասում առանցքային են ՆԱՏՕ-ի և իր գործունեության ծավալման համար, և Հայաստանն այս առումով շահագրգիռ երկիր է. «Եթե կողմերը ամբողջական տեսնեն միմյանց առավելությունները, այդ դեպքում հարաբերությունները զարգանալու են հնարավորինս արագ և դինամիկ՝ առանց խանգարելու երրորդ կողմին»:
Այս համատեքստում մեր զրուցակիցը մեկնաբանեց նաև մի քանի օր առաջ տարածված պաշտոնական տեղեկությունը, որ Ռուսաստանը պատրաստվում է բանակցել Հայաստանի Հանրապետության հետ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսա-արդյունաբերական խմբին Հայաստանի անդամակցության շուրջ:
«Ռուսաստանը վերջին շրջանում դիրքավորվում է Հայաստանի ցամաքում, երկնքում և այլուր, իսկ այժմ Ռուսաստանն անցել է Հայաստանի ֆինանսական ինքնիշխանության սահմանափակմանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում










































