Ֆլորիդա նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն հաղթել է Պուերտո Ռիկոյում անցկացված հանրապետականների ներկուսակցական ընտրություններում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դա երկրորդ նահանգն է, որտեղ Ռուբիոյին հաջողվել է գերազանցել մրցակիցներին Հանրապետական կուսակցությունից նախագահի ընտրություններին առաջադրվելու իրավունքի համար պայքարում։ Մինչ այդ նրան հաջողվել էր հաղթել Մինեսոտայում։
Շաբաթ օրը Կենտուկի և Լուիզիանա նահանգներում փրայմերիզների արդյունքների հայտարարումից անմիջապես հետո միլիարդատեր Դոնալդ Թրամփը Ռուբիոյին կոչ էր արել լքել նախընտրական արշավը։
«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ նա դուրս գա ընտրապայքարից։ Ես ցանկանում եմ մենակ մնալ Թեդի (Կրուզ) հետ»,- հայտարարել էր Թրամփը։
ԱՄՆ նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցությունից հավակնող Թեդ Կրուզը ներկայում առաջատար է 6 նահանգներում, Թրամփը՝ 12։











































