«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում «մանկունյանցիներ»-ն ավելի լավ են ելույթ ունենում, քան նախորդում: Ըստ նրա՝ Պրեմյեր լիգայում 4-րդ տեղն զբաղեցնելն ընթացիկ խաղարկությունում ֆանտաստիկ կլինի «Յունայթեդ»-ի համար, սակայն Անգլիայի գավաթակիր դառնալը կարևոր է, իսկ Եվրոպա լիգայի հաղթողի կոչումը՝ ավելի կարևոր:
Ընթացիկ մրցաշրջանում Վան Գալը թիմի ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով ստիպված էր առաջին թիմ հրավիրել մի շարք երիտասարդների, որոնց թվում էին Կամերոն Բորտվիկ-Ջեկսոնը, Գիլերմո Վարելան ու Մարկուս Ռաշֆորդը: Վերջինիս մասին արդեն լեգենդներ են հյուսվում:
«Ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդ»-ն ավելի լավ է հանդես գալիս, քան նախորդում, սակայն մենք չենք կարողանում քաղել պտուղները մի շարք վնասվածքների պատճառով:
Նախորդ մրցաշրջանում ևս մեր ֆուտբոլիստները շատ վնասվածքներ ստացան: Գուցե, կարելի է ասել, պատճառը ծանր մարզումներն են»:
Այժմ «Յունայթեդ»-ը 3 միավոր է զիջում 4-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Ամեն շաբաթ մենք նոր մարտահրավեր ենք ստանում: Այնպես որ մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը ֆանտաստիկ արդյունք կլինի: Դա կնշանակի, որ անձնակազմը հրաշալի աշխատանք է կատարել: Նույնը կարելի է ասել նաև թիմի ֆուտբոլիստների մասին, ովքեր, կարծես, յուրաքանչյուր խաղում հանդես են գալիս նոր ֆուտբոլիստների կողքին:
Մրցաշրջանը 4-րդ հորիզոնականում ավարտելը մինչև այժմ մեր նպատակն է, սակայն, մյուս կողմից, մենք ունենք այլ նպատակ՝ տիտղոս նվաճել: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երբեք չի դարձել Եվրոպա լիգայի հաղթող. այնպես որ հրաշալի կլինի անել դա երկրպագուների համար: Տիտղոս նվաճելը միշտ 4-րդ տեղից կարևոր է, թեև մենք նպատակ ունենք անել երկուսը միասին»,- ասել է Վան Գալը:







































