Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթել է Լուիզիանայում անցկացված ներկուսակցական ընտրություններում: Միլիարդատեր Դոնալդ Թրամփը հաղթել է հանրապետականների շարքում՝ գրում է bbc.com-ը:
Լուիզիանան միակ նահանգն է, որ շաբաթ օրը հաղթանակ է բերել Թրամփին և Քլինթոնին, ովքեր, այնուամենայնիվ, դեռ շարունակում են առաջատարը մնալ նախագահական ընտրություններին առաջադրվելու իրավունքի համար ընտրարշավում:
Ավելի վաղ Քլինթոնի հիմնական մրցակից սենատոր Բեռնի Սանդերսը ներկուսակցական ընտրություններում հաղթանակ է գրանցել Կանզաս և Նեբրասկա նահանգներում: Ընդհանուր առմամբ Սանդերսը հաղթել է 6 նահանգներում, իսկ Քլինթոնը՝ 9:
Հանրապետականների նախնական ընտրություններում Կանզաս և Մեն նահանգներում հաղթել է Թրամփի մրցակից Թեդ Քրուզը: Ընդհանուր առմամբ Քրուզը հաղթանակ է գրանցել 6 նահանգներում, Թրամփը՝ 11:












































