Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, խոսելով սիրիացի փախստականների խնդիրների մասին, հայտարարել է, որ իրենք առաջարկում են այդ նպատակով քաղաք կառուցել Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի մոտ։
Էրդողանը մանրամասնել է, որ այդ քաղաքի տարածքը պետք է կազմի 4500 կիլոմետր քառակուսի՝ իր համապատասխան ենթակառուցվածքներով։ Նա հավելել է, որ տվյալ հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, անգամ հայտնել է նոր քաղաքի կոորդինատները, սակայն, դժբախտաբար, դեռ տեղեկություններ չկան:
«Մենք օգնություն ցուցաբերող երկրների թվում երրորդն ենք, սակայն ազգային եկամտին բաժին ընկնող ցուցանիշով՝ առաջինը։ Տեսե՛ք, միայն այս 5 տարիներին մենք Սիրիայից ժամանած փախստականների վրա ծախսել ենք 10 միլիարդ դոլար։ Միայն 5 տարում»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հիշատակել է նաև սիրիացի փախստականների խնդիրների լուծման նպատակով ԵՄ կողմից 3 միլիարդ եվրոյի օգնություն խոստանալը։ Էրդողանը դժգոհել է, որ ԵՄ-ը այդ գումարի տրամադրման գործընթացը սկսել է միայն իրենց պայմանավորվածությունից 4 ամիս անց։












































