ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում երկամյա աղջիկը ոստիկանություն է կանչել այն բանից հետո, երբ չի կարողացել ինքնուրույն հագնել տաբատը: Այս մասին հաղորդում է CBS News-ը:
Երկամյա Ալին զանգահարել է Գրինվիլի շրջանի ոստիկանություն: Ինչպես ասել է ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Լոհնեսը՝ չնայած լսափողի մյուսի ծայրին ակնհայտորեն մանկական ձայն էր, իրավապահները որոշել են գնալ այդ հասցեով՝ վստահ լինելու համար, որ ամեն ինչ կարգին է:
«Որքան մեծ էր մեր զարմանքը, երբ դուռը բացվեց, և նա վազեց մեզ մոտ կիսով չափ հագած տաբատով և ասաց՝ ողջույն»,- ասել է Լոհնեսը:
Կին սպան օգնել է աղջնակին, վերջինս էլ նրան գրկախառնությամբ է պարգևատրել:
Ալիի մայրը՝ Փեբլես Ռայանը, ով տուն վերադառնալուն պես իմացել է միջադեպի մասին, ասել է, որ վերջերս է երեխային սովորեցրել օգնության կարիք ունենալու դեպքում զանգահարել բջջայինով:










































