«Նոր Ընտրական օրենսգրքի նախագծում կան շատ հոդվածներ, որոնք ակնհայտորեն հակասում են Սահմանադրությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պնդեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ գնահատելով օրենսգրքի հրապարակված նախագիծը:
Նրա խոսքով՝ քանի որ Սահմանադրությամբ ընդունվեց, որ Հայաստանում Ազգային ժողովը ընտրվելու է համամասնական ընտրակարգով, նշանակում է՝ Հայաստանի ողջ տարածքը պետք է դիտարկվի որպես մեկ ընտրատարածք (խոսքը չի վերաբերում ընտրատեղամասերին), որտեղ պետք է քվեարկվի միևնույն ցուցակը:
Ինչպես նշեց պարոն Քոքոբելյանը՝ մինչդեռ այս ԸՕ-ով տարբեր ընտրատարածքներում զուտ ռեյտինգի համար քվեարկվելու են տարբեր ցուցակներ. «Սա արդեն ռեյտինգային քվեարկություն չէ: Այս ընտրահամակարգը շատ հեռու է համամասնական ընտրակարգից և ավելի շատ ուժեղ, կենտրոնացված, մեծամասնական, մաժորիտար ընտրություն է, և սրանում մեծ վտանգներ կան»:
Նրա խոսքով՝ այս ԸՕ-ով գաղափարների, մոտեցումների մրցակցության հնարավորություն չի ստեղծվելու:






































