ԱՄՆ իշխանությունները Հյուսիսային Կորեայից պահանջել են խուսափել սադրանքներից և իրագործել իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով Պետդեպի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Փրայսը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նա այդպես է մեկնաբանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Կինի հրամանը՝ երկրի միջուկային զենքն ամեն պահի կիրառման պատրաստ պահելու մասին։
«Մենք ակնդետ հետևում ենք Կորեական թերակղզում իրավիճակին և համակարգվում տարածաշրջանում մեր դաշնակիցների հետ։ Մենք Հյուսիսային Կորեային կոչ ենք անում խուսափել սադրիչ հռետորաբանությունից, որը բարձրացնում է լարվածությունը։ Դրա փոխարեն մենք նրան կոչ ենք անում իրագործել իր միջազգային պարտավորությունները»,- ասել է Փրայսը։
Համանման հայտարարությամբ է հանդես եկել նաև Պենտագոնը։
«ԱՄՆ կառավարության գնահատականը չի փոխվել։ Մենք Հյուսիսային Կորեայի մոտ չենք տեսել միջուկային զենքի չափերը փոքրացնելու կամ այն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վրա տեղակայելու հնարավորություն»,- հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցչը։
Նա նշել է, որ ամերիկյան ուժերն անհրաժեշտության դեպքում պատրաստ են պատասխան ոչնչացնող հարվածի։








































