Պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի կողմից միայն Ամիրյան 4/4-ի բնակիչները չեն տուժել, ովքեր արդեն 10 տարի է՝ սպասում են իրենց բնակարաններին։ Նրանց մի մասը արդեն մահացել է, մյուս մասը՝ հուսահատությունից հեռացել երկրից, միայն մի քանի հոգի են մնացել և շարունակում են պայքարել իրենց բնակարանների համար։
Այսօր էլ կառավարության շենքի առաջ էր եկել Գեղարքունիքի բնակիչ Հենզել Աբրոյանը և հայտարարում էր, որ ինքը ևս Հովիկ Աբրահամյանից «քցվածների» թվում է։ Աբրոյանը տարիներ առաջ՝ 2003 թվականին, 40 հազար ԱՄՆ դոլար գումար է վճարել Ամիրյան փողոցում՝ ներկայիս «Նաթիոնալ» հյուրանոցի տեղում կառուցվելիք շենքում, բնակարան ձեռք բերելու համար։ Դեռևս այդ ժամանակ շենքի միակ շահագործողը եղել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ավտովթարից մահացած Մելիք Գասպարյանը։ Սակայն նրա մահից հետո քաղաքացիներին պարզ էր դարձել, որ իրենք այլևս գործ ունեն Հովիկ Աբրահամյանի հետ։
«Մենք դիմեցիքն դատարան, որպեսզի ստանանք մեր բնակարանները, սակայն դատավոր Կարինե Պետրոսյանը հայտարարեց, որ կամ պետք է մեր վճարած գումարները հետ վերադարձնեն, կամ ոչինչ էլ հնարավոր չէ անել։ Ստիպված մենք համաձայնեցինք։ Իմ վճարած 40 հազար դոլարից ինձ վերադարձրին 20 հազար դոլարը և նրա տոկոսները։ Այնուհետև մեզ պարզ դարձավ, որ արդեն ամեն ինչ ավելորդ է, քանի որ այդ ամեն ինչի հետևում կանգնած է Հովիկ Աբրահամյանը։ Հիմա մեր բնակարանների տեղում վարչապետի հյուրանոցն է։ Մեր բնակարանների կառուցապատող ընկերությունը կեղծ սնանկության է տարվել, և մենք ժողովրդի լեզվով ասած մնացել ենք բորտին»,- ասաց «քցված» բնակիչը։
Նա նաև նշեց, որ մինչ օրս տասնյակ դիմումներ է գրել տարբեր գերատեսչությունների, սակայն ոչ ոք ոչ մի տեղից չի պատասխանում։ «Ես միակը չեմ, իմ բարեկամը՝ Գյումրիից, նույն վիճակում է, բայց ոչ մի արձագանք չկա։ Էս երկրի իշխանությունները ժողովրդի համար համարվում են իսլամիստական խմբավորում»,- ասաց Աբրոյանը։
Նշենք, որ այս շենքում իր բաժինը ստանալու պահանջ է ներկայացրել նաև Մելիք Գասպարյանի կինը՝ համարելով, որ վարչապետն ու իր որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, իրեն և իր անչափահաս որդուն զրկել են ժառանգության իրենց բաժնից։ Վարչապետին մոտ կանգնած մարդիկ վերջին շրջանում Մելիք Գասպարյանի կնոջը խոստացել էին, որ նա իր բաժինը կստանա, սակայն դեռ հստակ տեղեկություն չկա՝ ստացել է նա, թե ոչ։ Տիկինը վերջին շրջանում խուսափում է լրագրողների զանգերից։










































