Թուրքիայի ոստիկանությունը կիրառել է ջրցաններ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ Դիարբեքիր քաղաքի հարյուրավոր բնակիչներին ցրելու համար, որոնք բողոքի երթ էին անցկացնում հակաահաբեկչական գործողության դեմ: Այս մասին հաղորդում է Milliyet թերթը:
Նշվում է նաև բողոքի ակցիայի ավելի քան 30 մասնակցի ձերբակալության մասին:
Ավելի վաղ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը իր կողմնակիցներին կոչ է արել չորեքշաբթի օրը դուրս գալ բողոքի երթի՝ ընդդեմ Դիարբեքիրում հակաահաբեկչական գործողության, և շարժվել Սուր շրջանի ուղղությամբ, որտեղ ավելի քան երկու ամիս է՝ գործում է պարետային ժամը և շարունակվում են բախումները ուժայինների ու PKK-ի անդամների միջև:











































