Minval.az-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտն իր ադրբեջանական երկօրյա պաշտոնական այցի արդյունքներով կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը գտնվում է շրջադարձային փուլում, որը նրան հնարավորություն կտա բարելավել իր հարաբերությունները Եվրոպայի Խորհրդի ու Եվրոպայի հետ։
Ագրամունտն ընդգծել է, որ այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի նախագահի ու արտգործնախարարի հետ։ Ագրամունտն ընդգծել է, որ Ադրբեջանը բախվում է տարբեր մարտահրավերների, որոնք դուրս են գալիս էներգետիկայի ու մարդու իրավունքների հարցերի շրջանակներից և ներառում են ֆինանսական ճգնաժամն ու օտար ներդրողներ ներգրավելը։
Ագրամունտը հավելել է, որ իր բարձրաստիճան զրուցակիցների հետ բաց ու անկեղծ քննարկումներ է ունեցել օրենքի գերակայության ու մարդու իրավունքների հարցերի շուրջ, որոնց բախվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Նա մանրամասնել է, որ այցի ընթացքում քննարկվել է նաև ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների իրագործման հարցը։









































