Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է Թուրքիայի Սահմանադրությանը չհետևելու ու նարցիսիզմի մեջ։
Քըլըչդարօղլուն այդպես է մեկնաբանել Էրդողանի արձագանքը ՍԴ-ի այն որոշմանը, որով ազատ են արձակվել երկու թուրք լրագրողները, որոնց ավելի վաղ կալանավորել էին լրտեսության մեղադրանքով։
Քըլըչդարօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Երկրի նախագահը օրենքին ու դատական իշխանությանը ենթարկվելով՝ պետք է օրինակ ծառայի հասարակության համար։ Սակայն եթե նրա մոտ հայտնվում է նարցիսիզմ, ապա նա կարծում է, որ օրենքը հենց ինքն է, և նա չի պատրաստվում հետևել օրենքին ու Սահմանադրությանը»։
Երեքշաբթի ԺՀԿ փոխնախագահ Աքիֆ Էքիջին Թուրքիայի խորհրդարանում հայտարարել էր, որ Սիրիայի հանդեպ Էրդողանի քաղաքականությունը հանգեցնում է աղետի, և կոչ էր արել նրան ցուցաբերել հոգեբանական օգնություն, ինչից հետո խորհրդարանում քաշքշուկ է սկսվել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջև։












































