Երկուշաբթի՝ փետրվարի 29-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել դասախոսություն՝ «Խոջալու՝ ճշմարտություն ջարդի մասին» խորագրով: Այս մասին հայտնում է ֆրանսիական «Յառաջը»:
«Ադրբեջանի բարեկամներ» ընկերակցությունը, որի մաս են կազմում նաև ֆրանսիացի բազմաթիվ երեսփոխաններ, դասախոսելու է հրավիրել Մաքսիմ Կոենին (ով հայտնի է իր դիրքորոշումներով)՝ տարածելու համար այն գաղափարը, թե «բարբարոս, հրեշ հայերը ջարդել են ազերիներին»: Բնականաբար, ներկա է եղել նաև Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևը:
«Նազարբեկ» երիտասարդական միությունը այս առթիվ հրապարակած իր հաղորդագրության մեջ տեղի ունեցածը բնութագրում է հետևյալ կերպ. «Ֆրանսիան մեկ անգամ ևս դարձավ ադրբեջանական պետության նավթադոլարների զոհը»:
Այս հաղորդագրությամբ ցանկանում են զգաստացնել, թե՝ նման քարոզչությունները հետզհետե ավելի հաճախ են տեղի ունենում Ֆրանսիայում, և որ հարկ է դատապարտել դրանք՝ կանգնեցնելու համար ատելություն սերմանող նման գաղափարները:
Հաղորդագրությունը ավարտվում է հետևյալ տողերով. «Կարևոր է ընդգծել, որ այս տեսակի քարոզչություն են ծավալում՝ պարզապես արդարացնելու համար Ադրբեջանի ռազմական գործողությունները ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավար հանրապետության, որ եղել է, կա ու պիտի մնա հայկական հող»։








































