Թուրքական մասնավոր Enerco enerji գազային ընկերությունը հայտարարել է «Գազպրոմ էքսպորտ» ընկերության կողմից մատակարարվող ռուսական գազի արժեքի անհապաղ մեծացման պահանջի և դրա հետ կապված գազի մատակարարումները դադարեցնելու մասին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Վերջերս «Գազպրոմ էքսպորտ»-ը պահանջեց գնի անհապաղ մեծացում և սպառնաց դադարեցնել գազի մատակարարումները: Գազային մատակարարումների ծավալները սկսել են կրճատվել փետրվարի 24-ին առանց պաշտոնական բացատրությունների: Մենք խորապես ցավում ենք նման գործողությունների համար»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Enerco enerji-ում նշել են, որ «թուրքական մասնավոր ընկերությունները «Գազպրոմ էքսպորտ»-ի գնորդներն ու գործընկերներն են Թուրքիայում և երկար տարիների ընթացքում թուրքական շուկայում պահել են ռուսական գազի արժեքն ու դիրքերը»:
«Ընթացիկ դրությունը զգալի ռիսկեր է ստեղծում ներկրողների համար, ինչպես նաև Ռուսաստանի` որպես գազի և էներգակիրների Թուրքիա մատակարարի հեղինակության համար»,- ընդգծել են ընկերությունում:
Ընկերությունը նշել է նաև, որ ամբողջությամբ վճարել է գազի մատակարարումները:










































