Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, որտեղ երկրորդ գիշերն անընդմեջ շարունակվել են անկարգությունները, ձերբակալվել է 15-19 տարեկան վեց մարդ, հաղորդում է The Local շվեդական պարբերականը:
Անկարգությունները տեղի են ունեցել Ստոկհոլմի Հոսբյու թաղամասում, որտեղ հիմնականում բնակվում են ներգաղթյալներ: Ավերածություններին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 100 մարդ: The Local-ի տվյալներով՝ անկարգությունների մասնակիցների թվում կան ինչպես 12 տարեկան դեռահասներ, այնպես էլ մեծահասակներ: Միևնույն ժամանակ, Expressen-ը հաղորդում է, որ հուզումները սկսվել են Ստոկհոլմի արևմտյան Ֆիտյա շրջանում:
Ոստիկանությունը Հուսբյու և Ֆիտյա թաղամասեր է ժամանել այն բանից հետո, երբ անկարգության մասնակիցներն այրել են մի քանի ավտոմեքենա:
Պարբերականի հաղորդմամբ՝ անցած գիշեր Հուսբյու թաղամասում այրվել է 11 ավտոմեքենա և աղբի չորս կոնտեյներ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ երեկ գիշերը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ անկարգությունների պատճառը շուրջ մեկ շաբաթ առաջ Ստոկհոլմի ոստիկանության կողմից 69-ամյա տղամարդու սպանությունն էր: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակել էին տղամարդու վրա այն բանից հետո, երբ հաղորդագրություն էին ստացել, որ նա զինված է և սպառնում է հարևաններին:









































