Իշխանությունները մտադիր են այնպիսի պայմաններ և օրենսդրական բազա ստեղծել, որ օլիգարխները, ոչ թե պարտադրաբար, այլ կամավոր հրաժարվեն պատգամավորական մանդատից և 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկին խորհրդարանում հայտնվելու հավակնություններ չդրսևորեն: Օլիգարխիային խորհրդարանից և ընդհանրապես իշխանությունից հեռու պահելու համար որոշվել է այնպիսի օրենսդրական սահմանափակումներ ստեղծել, որ նրանք ինքնակամ գան այն եզրակացության, որ պատգամավոր դառնալը այնքան էլ ճիշտ, փայլուն գաղափար չէ:
Այս տարվա փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը իր ելույթում անդրադարձավ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը՝ ասելով, որ պետք է ստեղծել շահերի բախման դեպքերի բացահայտման և կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմներ: «2012 թվականին ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մեր երկրում պատասխանատու, սակայն մարտահրավերներով լի առաքելություն ստանձնեց՝ ապահովելով պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հրապարակայնությունը, ինչպես նաև նրանց գործունեության թափանցիկությունը: Այս համատեքստում ժամանակավրեպ չի լինի, եթե խոսենք շահերի բախման դեպքերի բացահայտման և կանխարգելման առավել արդյունավետ գործիքների ստեղծման անհրաժեշտության մասին: Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը, կարծում ենք, նոր լիցք կհաղորդի այս կարևորագույն գործին՝ ապահովելով առաջադրված բարդ խնդիրների լուծման միջոցների համարժեքությունը»,- իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Ինչ նկատի ուներ Սարգսյանը շահերի բախում ասելով: Երբ գործարար պատգամավորները ընդունում են օրենքներ հարկային օրենսդրության վերաբերյալ, մենք գործ ունենք շահերի բախման հետ: Սահմանադրությունը արգելում է պատգամավորներին զբաղվել գործարարությամբ, որովհետև երբ խորհրդարանում քննարկվում է տնտեսական բնույթի որևէ հարց, գործարար պատգամավորը այդ հարցի քննարկմանը կարող է մոտենալ իր անձնական շահի տեսակետից: Իսկ որպեսզի պատգամավորը հնարավորինս օբյեկտիվ և անկանխակալ վերաբերվի այդ օրենքի քննարկմանը և քվեարկությանը, պետք է, որ նա այս օրենքների մեջ չտեսնի իր անձնական շահը:
Բայց պատգամավորները գտել են իրենց բիզնեսը թաքցնելու հնարավորություն, նրանք շատ դեպքերում հայտարարում են, որ իրենք ընդհանրապես գործարար չեն էլ, նրանք սեփականատեր են, իսկ բիզնեսով զբաղվում են իրենց կանայք, որդիները, եղբոր և քրոջ որդիները կամ նույնիսկ զոքանչները: Նրանց հայտարարագրերում գրեթե ոչ մի լուրջ կարողություն չկա, որովհետև ունեցվածքը ևս ձևակերպված է ազգականների անուններով, և պատգամավորներն ու նախարարները շատ դեպքերում այնպիսի հայտարարագրեր են ներկայացնում, որ նույնիսկ մարդու խիղճ է տանջում: Իրականում բոլորի համար էլ պարզ է, որ պատգամավորները և նախարարները և՛ բիզնեսով են զբաղվում, և՛ հսկայական ունեցվածք ունեն, ուղղակի եթե այդ ամենը ներկայացվի հանրությանը, ապա պարզ կդառնա, որ այդ մարդիկ դոլարային միլիոնատերեր են, որ երկրի կեսից ավելին պատկանում է իշխանավորներին: Իսկ այդ դեպքում շահերի բախում չառաջանալու մասին խոսելն արդեն անիմաստ է:
Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ելույթին հետևելու են օրենսդրական կոնկրետ նախաձեռնություններ: Մասնավորապես նախատեսվում է խստացնել օրենսդրությունը, և պատիժ սահմանել սեփականությունը թաքցնելու համար: Հնարավոր է, որ սեփականությունը այլ մարդկանց անունով ձևակերպելու համար կարող է սահմանվել ոչ միայն վարչական, այլ նույնիսկ քրեական պատասխանատվություն: Հնարավորություն է տրվելու իրավապահ մարմիններին ստուգումներ իրականացնել և պարզել, թե իրականում ով է տնօրինում այդ սեփականությունը՝ այն մա՞րդը, ում անունով գրանցված է սեփականությունը, թե՞ որևէ պատգամավոր կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա:
Սա, իհարկե, առաջացնելու է լուրջ կոռուպցիոն ռիսկեր, հնարավոր է այլ չարաշահումներ և խտրականություն այս կամ այն անձի նկատմամբ, բայց դա այլ քննարկման առարկա է: Բացի այդ, հնարավոր է՝ սահմանափակում մտցվի ոչ միայն բիզնեսով զբաղվելու, այլ նաև կոնկրետ սեփականություն ունենալու մասով: Օրինակ՝ եթե քննարկվում է ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնելու հարցը, և պատգամավորներից մի քանիսը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ և ներմուծմամբ, ինչ տարբերություն՝ նրանք անձա՞մբ են զբաղվում ընկերության մենեջմենթով, թե՞ դա անում են միջնորդավորված: Եթե մարդը համարում է, որ այդ օրենքի ընդունումը կարող է վնասել իր սեփականությանը, իր բիզնեսին, ապա նա դեմ է քվեարկելու օրենքի ընդունմանը, և իր գործընկերներին էլ հորդորելու է դեմ քվեարկել:
Նման օրենսդրական փոփոխությունների ընդունումը ուղղված է լինելու նրան, որ մարդիկ մտածեն՝ հայտարարագիր չլրացնելու կամ լրացնելու դեպքում սեփականությունը չթաքցնելու համար պատասխանատվության չենթարկվելու լավագույն լուծումը բարձրաստիճան պաշտոնյա չլինելն է: Ի վերջո, հայտարարագիր լրացնելու պահանջ ներկայացվում է հենց նրանց և ոչ թե գործարարներին: Դժվար է ասել, թե այս գործիքը որքանով կզսպի մարդկանց մղումը դեպի խորհրդարան, որովհետև ինչպես նշեցինք ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կաշխատի օրենքը: Իսկ Հայաստանում օրենքը մինչև այժմ գործում է ընտրողաբար, և դժվար է հավատալ, որ այս դեպքում ինչ-որ բացառություններ կլինեն:
Լուսանկարը` Yerkir.am-ի









































