Չինացի ցանցահենները վերսկսել են ԱՄՆ-ի կառավարական գրասենյակների և մասնավոր ընկերությունների վրա համակարգչային հարձակումները: Այս մասին տեղեկացնում է New York Times-ը: Ամերիկացի պաշտոնական անձանց և կիբեռանվտանգության ոլորտի փորձագետների խոսքերով՝ ցանցահեններն այժմ այլ մեթոդներ են կիրառում, սակայն հարձակումների աղբյուրը կրկին Շանհայի մերձակայքում գտնվող չինական գաղտնի ռազմական բազան է:
Կիբեռանվտանգության հարցերով զբաղվող ամերիկյան «Մանդիանտ» ընկերությունը հայտարարել է, որ չի կարող հրապարակել հարձակման ենթարկված ընկերությունների անունները, քանի որ հաճախորդների հետ պայմանավորվածություն ունի: Սակայն, նրա տվյալներով, հարվածի տակ են եղել կառավարական այն գրասենյակներն ու մասնավոր ընկերությունները, որոնք նախկինում էլ էին տուժել:
Փետրվարին «Մանդիանտ»-ն արդեն զեկույց էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ-ի ընկերությունների դեմ լայնածավալ կիբեռհարձակումների հետևում կանգնած են Չինաստանի զինված ուժերի հետ կապված չինացի ցանցահենները: Զեկույցում նշվում է, որ իր գործունեության ողջ ընթացքում խմբավորումն ավելի քան 140 ընկերություններից տվյալներ է գողացել:
Չինաստանը հերքել է այդ մեղադրանքները, հայտարարելով, որ չինական կառավարությունը միշտ ճնշել է կիբեռհանցագործությունները, իսկ չինական օրենքներն արգելում են կիբեռանվտանգությունը խաթարող ցանկացած գործունեություն:










































