Քաղաքականությունն ու տնտեսությունն, իհարկե, փոխկապակցված են, բայց ամեն դեպքում դրանք չի կարելի նույնականացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ պատասխանելով այն հարցերին, թե ինչով կարող է պայմանավորված լինել Ռուսաստանից Հայաստանին տրամադրվելիք գազի գնի հնարավոր թանկացումը, և ինչու է Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերոջ հետ այդպես վարվում։
«Երկրների միջև փոխհարաբերությունները ոչ միշտ են թելադրում էժան գներ այն ապրանքների համար, որոնք մի երկրից մյուսին են տրամադրվում: Պատկերացրեք Ռուսաստանը որոշեր, որ հայկական կոնյակը ռուսական շուկայում 10 անգամ ավելի ցածր գին ունենա, որովհետև Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։ Սա ընդամենը տնտեսություն է, և գները որոշվում են շուկայում:
Ավելացնեմ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը հետխորհրդային երկրներին շատ էժան գներով է տրամադրել ապրանքը, բայց այդ իրավիճակը երկար շարունակվել չէր կարող:
Ես հասկանում եմ, որ նեղանալու տեղ կա և այդ ամենը հիվանդագին է ընդունվում բայց պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հայ բիզնեսմենները, ովքեր զբաղվում են գազի մատակարարմամբ, շատ մեծ եկամուտներ են ստանում։ Եթե իրենք համաձայնեին այդ եկամուտները փոքր-ինչ նվազեցնել, ապա հանրության համար գազի գնի բարձրացումն այդքան ցավոտ չէր լինի»,- հավելեց նա:
Մեր այն հարցին, թե բացառո՞ւմ է, որ այստեղ կա նաև քաղաքական գործոն, Ա․ Կռիլովը պատասխանեց. «Շատ է խոսվում ԵվրԱզԷսի, Մաքսային միության մասին։ Իսկապես, Հայաստանը չի հանդիսանում ո՛չ Մաքսային միության, ո՛չ ԵվրԱզԷսի անդամ: Ինձ մոտ տպավություն է ստեղծվել, որ Հայաստանի համար բավական ընդունելի է եվրոպական վեկտորը, գուցե շատ դեպքերում, այո՛, այն առավել գրավիչ է, բայց գուցե Մաքսային միության ներսում ա՞յլ գներ լինեին։ Այստեղ Հայաստանի որոշելիքն է. եթե նա նախընտրում է եվրոպական վեկտորը, ապա դա չի կարող չազդել նաև ռուսական էներգասպասարկումների գների վրա:
Հայաստանը պետք է համակերպվի, որ չի օգտվում այն արտոնություններից, որ տրվում են Ղազախստանին և Բելառուսին։ Հետխորհրդային երկրներն ունեն ընտրության հնարավորություն՝ մտնել այդ կառույցի մեջ կամ չմտնել, դա կախված է հայ քաղաքական գործիչների ընտրությունից»:
Ա. Կռիլովից նաև հետաքրքվեցինք, թե իր կարծիքով՝ Ռուսաստանը չի՞ վախենում այս կերպ կորցնել Հայաստանին, արդյո՞ք չեն վատանա երկկողմ հարաբերությունները, ինչին նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ սա կբարդացնի սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում, որն առանց այդ էլ բարդ էր։ Պետք չէ այդ բոլոր բարդությունները գցել Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների վրա, մեղադրել ռազմավարական գործընկերոջը դավաճանելու մեջ: Հայաստանն անկախ հանրապետություն է, պետք է սեփական պատասխանատվության զգացումն ունենալ՝ թե՛ քաղաքականության մեջ, թե՛ հանրությունն էլ ընտրությունների գնալիս՝ այս կամ այն կուսակցությանը ձայն տալիս»:









































