Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանությունների կողմից, պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին, Դամասկոսի ժամանակով ժամը 00:00-ին: Այս մասին գրում է BBC-ն:
Հրադադարի մեկնարկից անմիջապես հետո Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհուրդը հայտնել է, որ հրադադարի ռեժիմին լիովին հետևում են հակամարտության բոլոր կողմերը՝ չնայած կեսգիշերից հետո աննշան փոխհրաձգություններ են արձանագրվել Դամասկոսի և Դերաա քաղաքի շրջաններում:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ մտահոգված է հակամարտության ավարտի ծրագրի հաջող իրագործմանը խոչընդոտելու փորձերից:
«Շաբաթ օրը շատ կարևոր օր կդառնա: Հավանաբար մենք շատ փորձեր կտեսնենք՝ ուղղված մեր ջանքերը զրոյացնելուն»,- ասել է նա:











































