Արտարժույթով պարտատոմսեր թողարկելու որոշման կայացման համար հիմք է հանդիսացել նաև այն, որ արտոնյալ պայմաններով Հայաստանին տրվող վարկերը աստիճանաբար պակասելու են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Ըստ Արամյանի` արտոնյալ վարկերը կպակասեն, քանի որ Հայաստանը առաջիկա տարիներին դուրս կգա միջինից ցածր եկամուտներով երկրների ցանկից` մտնելով միջինից բարձր եկամուտներով երկրների կատեգորիայի մեջ:
Ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության, ցածր եկամուտներով երկրները այն երկրներն են, որտեղ մեկ շնչին ընկնող Համախառն ազգային արդյունքը (ՀԱԱ) փոքր է 1025 դոլարից: Միջինից ցածր եկամուտներով երկրներում 1 շնչին ընկնող ՀԱԱ-ն 1026 դոլարից 4035 դոլար է: Հայաստանը դեռևս այս խմբում է` ՀԱԱ-ն 2011-ին կազմել է 3360 դոլար: Բայց ըստ Վարդան Արամյանի, մենք ավելի մոտ ենք այդ միջակայքի վերին սահմանին, ուստի կառավարությունը որոշել է չսպասել` մինչև կհատենք այդ սահմանը ու միանգամից կնվազեն արտոնյալ վարկերը: Արտարժույթով պարտատոմսեր թողարկելով` Հայաստանը պատրաստ կլինի զրկվել արտոնյալ պայմաններով վարկերից:
Բացի այդ, ըստ Վարդան Արամյանի, Հայաստանի արտաքին պետական պարտքն աճել է վերջին տարիներին և այժմ չենք կարող այնքան արտոնյալ վարկ վերցնել, որքան կարող էինք 3-5 տարի առաջ: Սա ևս հիմք է հանդիսացել արտարժութով պարտատոմսեր թողարկելու որոշման համար:










































