Խորհրդանշական է, որ գազի գնի թանկացման հայտը Հայաստանում համընկավ խոշոր գործարարներից, օլիգարխներից մեկի հսկայական եկեղեցու և խաղատան բացման հետ: Խորհրդանշական է ոչ միայն մթնոլորտի հոգևոր և բարոյական բաղադրիչի տեսանկյունից, այլև իրական տնտեսության, տնտեսական իրական միտումների: Այն օրը, երբ Հայաստանում եկեղեցի և խաղատուն է կառուցվում, որի բացմանը հավաքվում է ողջ իշխանական, այլընտրանքային և ընդդիմադիր համայնապատկերը, երկրին է ուղղվում հսկայական սոցիալ-տնտեսական մարտահրավեր: Կամ հակառակը՝ Հայաստանին նետվում է սոցիալ-տնտեսական, ինչու ոչ՝ նաև քաղաքական լրջագույն մարտահրավեր, իսկ Հայաստանի քաղաքական համայնապատկերը եկեղեցի է բացում, զվարճանքի կենտրոնում կազմակերպում քեֆ-ուրախություն:
Այսինքն՝ իշխանություններն ու նրանց սպասարկող, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը փաստորեն իրենց համար զվարճանքի կենտրոն են բացում՝ ժամանցը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար, իսկ հասարակությանն էլ մի եկեղեցի են տալիս՝ աղոթելու համար, որովհետև Հայաստանի քաղաքացուն մնում է միայն հույսն Աստծո վրա դնել ու աղոթել, որովհետև երկրում չկա իշխանություն, որի վրա կարելի է հույս դնել, չկա ընդդիմություն, որի վրա կարելի է հույս դնել: Սակայն աղոթել էլ պետք չէ, որովհետև կստացվի անեկդոտը այն մասին, թե ինչպես է մարդն աղոթում և Աստծուց խնդրում վիճակախաղի հաղթանակ: Հրեշտակները օր ու գիշեր նրա աղոթքը լսելիս ի վերջո բարձրանում են Աստծո մոտ և հարցնում Տիրոջը, թե ինչու այդ խեղճ մարդու աղոթքը չի լսում և կատարում, ինչու չի խղճում նրան: Կկատարեմ՝ ասում է Տերը, միայն թե նա թող գնա և գոնե վիճակախաղի տոմս գնի:
Հայաստանի հասարակությունը հայտնվել է այդ վիճակում: Աղոթել, իհարկե, պետք է, Աստծո օրհնությունն ու բարի աչքը պետք է, բայց պետք է նաև «գնել այդ վիճակախաղի տոմսը», այսինքն՝ պետք է հույս դնել սեփական ուժերի վրա, պայքարել սեփական իրավունքների համար, դառնալ սեփական երկրի տերը, ինքնակազմակերպվելու ուղիներ փնտրել, իսկ առնվազն ամեն մեկն իր տեղում պետք է ապրի չխաբելով, չգողանալով, չստելով: Առնվազն պետք է սկսել այս պարզ իրողություններից, ինչը, իհարկե, բավական դժվար է, որովհետև հասարակությանը պատի առաջ են կանգնեցրել, երբ ապրելու ամեն ջանք ինքնաբերաբար ստացվում է կամ ապօրինություն, կամ ակամա աջակցություն այլոց ապօրինությանը: Բայց այլ ելք չկա, որովհետև Հայաստանում խաղատնից ու եկեղեցուց բացի՝ ներդրումներ կատարվում են մեկ էլ առևտրի կենտրոններում՝ հասարակությանը վերածելով սպառողի:
Աղոթել ու սպառել. ահա այն դիապազոնը, որի մեջ քշում են հասարակությանը հայրենի օլիգարխներն ու իշխանությունները, երբեմն-երբեմն մարդկանց պատվելով ցուցադրական բարեգործական ակցիաներով, որոնց մասին ավելի շատ խոսում են, քան արժեն բուն բարեգործությունները: Սոցիալական մարտահրավերներին ազգային, պետական մտածողությամբ էլիտաները պատասխանում են ռազմավարական ծրագրերով, պատասխանում են ներդրումային հիմնադրամներով, կրթության, առողջապահության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական ծրագրեր մշակելով ու իրականացնելով, ընդ որում՝ հաշվարկների առումով առաջ ընկնելով մարտահրավերներից, կանխատեսելով դրանք:
Ինչ են կառուցում մեր օլիգարխները՝ մշակութային հուշարձանները սուպերմարկետների վերածելուց բացի, կազինոներից ու ռեստորաններից բացի, եկեղեցիներից բացի: Նրանք ըստ էության ոչինչ չեն կառուցում, ոչ մի ռազմավարական ծրագիր չեն իրականացնում, չեն անում մի բան, որը կարող է, ասենք, մի քանի տարի պահանջել եկամտաբերության համար, որը կարող է մի փոքր ջանք ու համբերություն պահանջել: Նրանց համար ամեն ինչ պետք է լինի հենց նույն պահին և հնարավորինս շատ, հնարավորինս քիչ ներդրում պահանջող և մեծ շահույթ ապահովող: Ոմանք կասեն, որ դրանք այդ մարդկանց գումարներն են և ինչպես ուզում, այնպես էլ ծախսում են: Սակայն նախ՝ դրանք այդ մարդկանց գումարները չեն, քանի որ այդ մարդիկ գերակշիռ մեծամասնությամբ հարստացել են արտոնյալ դիրքերի, հասարակական ռեսուրսների յուրացման միջոցով: Եվ երկրորդ՝ նույնիսկ այդ դեպքում «էլիտա» կոչվածը էլիտա է ոչ միայն իր հագուկապով և ոսկյա, ադամանդյա զարդերի քանակով, մեքենաների արժեքով ու դղյակների բարձրությամբ, այլ նաև մտածողությամբ, արժեհամակարգով, բարոյական նկարագրով և հանրային ու պետական գիտակցությամբ, հատկապես փոքր ազգերի դեպքում, որոնց ամեն մի ռեսուրսը պահանջում է կրկնակի, քառակի, տասնապատիկ ռացիոնալություն և հասցեականություն:
Սա է «էլիտան», հատկապես փոքր ազգերի և ժողովուրդների դեպքում: Եվ այսպիսի էլիտա ունեցող ժողովուրդներն ու ազգերն են, որ ունեն մեծ ապագա: Մնացյալը դարերով կքում են ընդամենը մեծ խնդիրների տակ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































