Լոնդոնյան Odeon կինոթատրոնը, որը գտնվում է Լեսթեր-սքվերում, ժամանակավորապես փոխել է անվանումը Leodeon-ի՝ այդ կերպ աջակցելու համար հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին առաջիկա օրերին կայանալիք «Օսկար» կինոմրցանակաբաշխությունում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Կիրակի Լոս Անջելեսում կկայանա Ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։
Մինչ այդ Դի Կապրիոն 5 անգամ առաջադրվել էր «Օսկարի», սակայն ոչ մի անգամ մրցանակը նրան բաժին չի հասել։ Այս տարի 41-ամյա դերասանն առաջադրվել է մրցանակի «Վերապրածը» ֆիլմում գլխավոր դերի համար։ Նրա հետ «Լավագույն դերասան» անվանակարգում կմրցեն Մեթ Դեյմոնը («Մարսիացին»), Էդդի Ռեդմեյնը («Աղջիկը Դանիայից»), Բրայան Կրենսթոնը («Թրամբո») և Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»)։
Դերասանի երկրպագուները մտադիր են կիրակի հավաքվել Leodeon-ի մոտ ու նշել նրա հնարավոր հաղթանակը։








































