ՄԱԿ-ի ավիացիան մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն է մատակարարել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր-էզ-Զոր քաղաք, որն արդեն մի քանի շաբաթ է՝ պաշարել են ԴԱԻՇ խմբավորման գրոհայինները: Այս մասին գրում է BBC-ն:
ՄԱԿ-ի տվյալներով՝ պաշարված քաղաքի մոտ 200 հազար բնակիչներ սննդամթերքի խիստ պակաս են զգում:
Կազմակերպության կողմից վերջերս ներկայացված զեկույցում խոսվում է պաշարվածների կենսապայմանների կտրուկ վատթարացման, թերսնման ծանր դեպքերի և սովամահության բարձր մակարդակի մասին:
Ինչպես Անվտանգության խորհրդին զեկուցել է ՄԱԿ-ի մարդասիրական գործակալության ղեկավար Սթիվեն Օ’Բրայենը, Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության ներքո գտնվող քաղաքի շրջանում ինքնաթիռից նետվել է 21 տոննա առաջին անհրաժեշտության առարկա:








































