Եգիպտոսը ծրագրում է մինչև 2030 թվականը մրցունակ և դիվերսիֆիկացված տնտեսություն ունենալ, և ընդգրկվել աշխարհի 30 առավել զարգացած երկրների ցանկում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Եգիպտոսի պլանավորման և վարչական բարեփոխումների նախարար Աշրաֆ Արաբին:
Եգիպտոսի կառավարությունը չորեքշաբթի ներկայացրել է երկրի զարգացման ռազմավարությունը մինչև 2030 թվականը: Նախարարների կաբինետի տնտեսական բլոկի պատրաստած զեկույցի ներկայացմանը ներկա է եղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին:
«Եգիպտոսը մինչև 2030 թվականը կունենա մրցունակ և դիվերսիֆիկացված տնտեսություն՝ հիմնված ինովացիաների և գիտելիքների, համագործակցության և էկոլոգիական հավասարակշռության վրա»,- իր ելույթում ասել է Աշրաֆ Արաբին:
Նախարարի խոսքերով՝ «ռազմավարությունը պատրաստելիս հաշվի են առնվել անցյալի սխալները, օգտագործվել է համաշխարհային լավագույն փորձը»:









































