Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ մայիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններն առաջին անգամ մասնակցել են «Թանգարանների գիշեր» միջոցառմանը: Այդ առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում բացվել է «Նվիրական խորհրդանշաններ, պարգևներ և շքանշաններ» խորագրով երկօրյա ցուցահանդեսը:
Այս ցուցահանդեսով առաջին անգամ ներկայացվել են Ամենայն Հայոց Հայրապետների խաչերը, պանակեները և արծիվները, ինչպես նաև Հայոց Եկեղեցու պատվո բարձր շքանշանները և այն եկեղեցական ու պետական պարգևները, որոնք տարիների ընթացքում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի ու տարբեր պետությունների ղեկավարների կողմից տրվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսներին` Վազգեն Առաջին, Գարեգին Առաջին և Գարեգին Երկրորդ Հայրապետներին:
Միջոցառման շրջանակներում Միածնաէջ Մայր Տաճարում Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը` խմբավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանի, հանդես է եկել հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Այնուհետև Մայր Տաճարում տեղի է ունեցել նաև երգեհոնային համերգ (երգեհոնահար` Թերեզա Ոսկանյան): Երգչախմբային և երգեհոնային համերգներին ներկա են գտնվել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Միջոցառումն ավարտվել է Հանգստյան ժամերգությամբ:







































