Huffington Post թերթի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է սթափ նայեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ օրեցօր աճող հանցանքների ցուցակին և որոշեն, թե արդյոք իրենց անհրաժե՞շտ է նման դաշնակից։ Դրա մասին նշված է թերթում հրապարակված հոդվածում:
«Դեռ ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ի անդամները չէին կարող պատկերացնել, որ իրենցից մեկը կդավաճանի մյուսներին։ Դաշինքում անգամ չկա երկրին բացառելու ֆորմալ մեխանիզմ, եթե նրա պահվածքը դուրս է գալիս վերահսկողությունից։ Սակայն այժմ վրա է հասել այդ պահը։
Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներից հեռացել է այնքան, որ սկսել է աջակցել ԴԱԻՇ-ին՝ Արևմուտքի դեմ նրա մղած պայքարին։ Երբ Էրդողանն իշխանության եկավ, երկիրը կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ավտորիտարիզմ ու կրոնական պահպանողականություն, կորցրեց ընկերներին ու խրվեց հակամարտության մեջ, որը նա ի վիճակի չէ ավարտել՝ սկսած քրդերի դեմ պայքարի էսկալացիայից և ավարտած ռուսական ինքնաթիռ խոցելու միջադեպով։
Միևնույն ժամանակ այդ կոնֆլիկտները գնալով դառնում են ավելի լարված, թուրքական քաղաքների փողոցներում ռումբեր են պայթում, իսկ հակառակորդները գնալով ավելի են մոտենում պետության սահմաններին։ Էրդողանը շարունակում է ՆԱՏՕ-ից պահանջել անխոս աջակցություն։
Սակայն դաշինքի երկրները ոչ մի կերպ չպետք է տուրք տան Անկարայի սադրանքներին, որը պահանջում է, որ նրանք պաշտպան կանգնեն իրեն։ Դրա փոխարեն ՆԱՏՕ-ի երկրները պետք է գործարկեն այնպիսի գործընթաց, որը կօգնի հստակեցնել, թե արդյոք կա՞ որևէ արդարացում՝ կապված Էրդողանի ու ԴԱԻՇ-ի ահաբեկիչների համագործակցության հետ, և կարո՞ղ են լինել ինչ-ինչ առավելություններ, որոնք կհավասարակշռեին Արևմուտքի դեմ նրա հանցանքները։
Հյուսիսատլանտյան խորհուրդը պետք է Թուրքիային պաշտոնապես բացառի ՆԱՏՕ-ից, քանի դեռ նրա ռազմաշունչ բնույթն ու չդադարող ագրեսիան միջազգային հանրությանը չեն ներքաշել Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»։










































