Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի կողմից կռվող օտարերկրյա գրոհայինների թիվը կրճատվել է՝ հասնելով մինչև 25 հազարի, ինչը 10 հազարով քիչ է պիկային ցուցանիշից: Այս մասին հայտնել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համակարգման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգերկը:
«Օտարերկրացի գրոհայինների ընդհանուր թիվը կազմել է 35 հազար: Մեզ հաջողվել է այն կրճատել մինչև 25 հազարի»,- ասել է նա Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ այդ զինյալները ներկայացնում են 120 երկիր:
Մակգրեկը հստակեցրել է, որ «միակ միջանցքը, որը ԴԱԻՇ-ը միացնում է արտաքին աշխարհի հետ, մնում է թուրք-սիրիական սահմանի 98 կիլոմետրանոց հատվածը»: Նրա խոսքով՝ Թուրքիան լուրջ աշխատանք է կատարել սահմանը փակելու ուղղությամբ, սակայն դեռ շատ բան պետք է անել:
«Անհրաժեշտ է Թուրքիայում փակել սահմանը: Սակայն անհրաժեշտ է նաև աշխատել այն երկրների հետ, որտեղից զինյալները ուղարկվում են: Մենք պետք է այնպես անենք, որ նրանք չկարողանան թափանցել այնտեղ, իսկ եթե դա նրանց հաջողվում է, ապա չկարողանան այնտեղից վերադառնալ»,- ասել է նա:










































