Եգիպտոսի մայրաքաղաքում բեռնակիրների գործադուլի պատճառով միջազգային օդանավակայանի աշխատանքը մասնակիորեն կաթվածահար է եղել: Արդյունքում հետաձգվել են տասնյակ չվերթներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Օդանավակայանում ամենից խոշոր և ժամանակակից 3-րդ տերմինալի բեռնակիրներն իրենց ակցիան սկսել են շաբաթ երեկոյան, երբ նրանց գործընկերներից մեկը զոհվել է թռիչքուղում՝ մնալով ծանրաքարշակի անիվների տակ: Ցուցարարներն օդանավակայանի ղեկավարությանն անգործության մեջ են մեղադրել: Բանն այն է, որ նրանց ընկերոջը տեղում օգնություն ցույց չի տրվել, և նա, մինչև կես ժամ անց շտապ օգնության ժամանելը, մահացել է:
Ցուցարարները հանդիպում են պահանջել տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի նախարարի հետ, որպեսզի նրան փոխանցեն իրենց պահանջները: Նրանք նաև ուզում են, որ գլխավոր դատախազությունը հետաքննի գործը և պատժի մեղավորներին:
Արդյունքում Egypt ավիաընկերության 30 ինքնաթիռների ուղևորներ չեն կարողացել ստանալ իրենց ուղեբեռը: Օդանավակայանի ղեկավարությունը խոստացել է հնարավորինս շուտ լուծել խնդիրը:










































