Իրանը մտադիր է համագործակցել լիզինգով ինքնաթիռներ տրամադրող միջազգային ընկերությունների հետ՝ ասել է Իրանի տրանսպորտի նախարար Աբաս Ահունդին Օման այցի ընթացքում: Այս մասին հաղորդել է Իրանի IRIB հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ այդ ընկերությունները կարող են Իրանին լիզինգով վաճառել շուրջ 200 քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռ: Ահունդին նաև հայտնել է, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում Իրանը պատրաստ է համագործակցել Օմանի հետ:
Իրանը ծրագրում է նոր ինքնաթիռներ գնել խոշորագույն համաշխարհային Boeing և Airbus ընկերություններից: «Իրանը ընդհանուր առմամբ 2 ավիացիոն հսկաներից առաջին փուլում կգնի 80-90 ինքնաթիռ՝ իր ավիացիան թարմացնելու համար»,-ավելի վաղ ասել է երկրի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամադ Հադա Քարմին:
Նրա խոսքով՝ Իրանին անհրաժեշտ է տարեկան գնել 80 նոր ինքնաթիռից ոչ պակաս, որպեսզի 5 տարի անց դրանց թիվը հասնի 300-ի:








































