23-ամյա խելացի և ինքնավստահ Փարիսան, որն ունի բարձրագույն կրթություն, հանգստյան օրերին զբաղվում է մարմնավաճառությամբ Իրանի մայրաքաղաք Թեհրանի փողոցներում, գրում է The Washington Post-ը:
«Նա իրենից ներկայացնում է նոր ֆենոմեն` երիտասարդ, կրթված և անկախ կանայք սկսում են գումար վաստակել մարմնավաճառությամբ, քանի որ դրան դրդում է Իսլամական Հանրապետության թուլացող տնտեսությունը»,- ասվում է հոդվածում:
Մեկ հաճախորդից նա ստանում է մինչև 80 դոլար` իր ամսական աշխատավարձի կեսից ավելին, որը նրան վճարել են միջին չափի տեխնիկական ընկերությունում: Այդ աշխատանքն աղջիկը կորցրել է շուրջ 5 ամիս առաջ:
Աղջկա հարուստ հարևանի խոսքերով` Իրանում կանայք սկսել են վաճառել իրենց մարմինը, հինգ-վեց տարի առաջ նման բան հնարավոր չէր տեսնել, իսկ այն ամենը, ինչի մասին խոսում է այաթոլլահ Խամենեին՝ դա միջուկային ծրագիրն է:
Իրանի շիական վարչակարգը խստորեն հետևում է շարիաթի օրենքներին՝ մասնավորապես սեռական վարքին վերաբերող: Սակայն Թեհրանում կանայք մարմնավաճառությամբ են զբաղվում առանց որևէ խոչընդոտի, գրում է հոդվածագիրը:
Իրանական թեոկրատիան թույլատրում է, այսպես կոչված, «ժամանակավոր ամուսնության» պրակտիկան: Չամուսնացած կանայք կամ տղամարդիկ կարող են «թույլտվություն» ստանալ` ժամանակավոր սեռական հարաբերություններ ունենալու համար, նշվում է հոդվածում: Փարիսայի խոսքերով` ինքը չի հոգացել նման թույլտվություն ստանալու համար:
«Այժմ ոչ մեկին նման բաները չեն հետաքրքրում, նամանավանդ Թեհրանում: Ոստիկանությանը և մոլլաներին դա չի հուզում, առավել ևս՝ դա չի հուզում այն տղաներին, որոնք ինձ վճարում են. նրանց չեն հետաքրքրում կրոնական հարցերը»,- ասել է Փարիսան:










































