ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է փետրվարի 27-ից Սիրիայում հրադադարի ռեժիմը։ Այս մասին, ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, հայտարարել են ՄԱԿ-ի մամլո ծառայությունում։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է փետրվարի 27-ից Սիրիայում հրադադարի ազգային ռեժիմն ուժի մեջ մտնելու համաձայնագիրը, որի մասին հայտարարել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահները»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Պան Գի Մունի խոսքով՝ եթե համաձայնագիրը պահպանվի, դա կդառնա զգալի քայլ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի կատարմանն ընդառաջ։






































