ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 21-27-ը շրջագայություն կկատարի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներ, որի ընթացքում քննարկումների գլխավոր թեմաները կլինեն Սիրիան և մերձավորարևելյան խնդրի կարգավորումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Պետդեպին:
Մայիսի 21-ին Քերին կայցելի Օման, որտեղ կքննարկի երկկողմ հարցեր: Հաջորդ օրը նա կայցելի Հորդանանի մայրաքաղաք Ամման:
Պետդեպի հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղարը կհանդիպի առանցքային միջազգային գործընկերների հետ՝ ուսումնասիրելու հետագա ուղիները, որոնց օգնությամբ միջազգային հանրությունը կկարողանա համախմբել սիրիական հակամարտության երկու կողմերին և բանակցությունների արդյունքում դեպի քաղաքական լուծում տանող ճանապարհ գտնել:
Քերին մայիսի 23-24-ը կայցելի Երուսաղեմ և Ռամալա, որտեղ կհանդիպի համապատասխանաբար Իսրայելի և Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավարության հետ: ԱՄՆ-ը մտադիր է օգնել կողմերին՝ վերադառնալու ուղիղ բանակցությունների: Մայիսի 24-25-ը Քերին կլինի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ կմասնակցի Աֆրիկյան միության գագաթնաժողովին, իսկ մայիսի 26-ին պետքարտուղարը կվերադառնա Ամման, որտեղ կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին:
ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ջանքեր է թափում հունիսին Սիրիայի հարցով միջազգային համաժողովի անցկացման համար, որին կմասնակցեն սիրիական իշխանությունների ու զինված ընդդիմության ներկայացուցիչները: Սպասվում է, որ «Սիրիայի բարեկամներ» խումբը, որը մայիսի 22-ին կհավաքվի Ամմանում, աջակցություն կհայտնի այդ նախաձեռնությանը:








































