2015 թվականի սեպտեմբերից Միջերկրական ծովում խեղդվել է Եվրոպա ուղևորվող ավելի քան 340 փախստական երեխա։ Այս տվյալները ներկայացված են այսօր Ժնևում Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության, Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համատեղ հայտարարության մեջ, որում միջազգային հանրությանը կոչ է արվել միջոցառումներ ընդունել՝ բարձրացնելու նրանց անվտանգությունը, ովքեր փախչում են հակամարտություններից ու անհույս վիճակից։
Նշվում է, որ սեպտեմբերին, երբ փոքրիկ Այլան Կուրդիի ողբերգական մահն իր վրա գրավեց աշխարհի ուշադրությունը, ավելի քան 340 երեխաներ խեղդվել են Միջերկրական ծովի արևելյան մասում։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի խոսքով՝ ավելի շատ ջանքեր են պահանջվում մաքսանենգների դեմ պայքարի համար։ «Բացարձակ առաջնահերթություն» է նա համարում «կազմակերպված և օրինական ուղիների» ստեղծումը, որոնք թույլ կտան հասնելու Եվրոպա։
Հայտարարության մեջ նշվում է, որ երեխաները ներկայում կազմում են Թուրքիայով Եվրոպա ուղևորվող փախստականների ու ներգաղթյալների 36 տոկոսը։ 2016 թվականի առաջին 6 շաբաթներին խեղդվել է 410 մարդ՝ 35 անգամ ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։











































