Մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է իր պետական այցն ԱՄՆ-ում, կոնգրեսականների երկկուսակցական խումբը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել «Ճշմարտություն և արդարություն» ակտը: The Armenian Weekly-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:
Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է նորարարական երկկուսակցական նախաձեռնությունը՝ նշելով, որ այն կոչ է անում հայ-թուրքական հարաբերություններում որդեգրել նոր մոտեցում, որը կարտացոլի ամերիկյան արժեքներ ու կճանաչի, որ «մեր ազգային շահերը պահանջում են վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը»:
Նշենք, որ ակտը ներկայացրել են Ներկայացուցիչների պալատից հանրապետական անդամներ Մայքլ Գրիմը, Դևիդ Վալադաոն և դեմոկրատներ Ադամ Շիֆն ու Ֆենկ Փալոնը:









































