ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայում և Իրաքում իրականացրած ավիահարվածների արդյունքում ոչնչացրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ավելի քան 26 հազար զինյալի: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը:
Վարչակազմի աղբյուրի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում այս գնահատականները համարում են հավաստի:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն Իրաքում իսլամիստների դիրքերն սկսել են ռմբակոծել 2014 թվականի օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից: Իրաքում ամերիկյան օդուժի հետ միասին մարտական գործողություններին մասնակցել են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Կանադայի, Նիդեռլանդների եւ Ֆրանսիայի, Սիրիայում՝ Ավստրալիայի, Բահրեյնի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Կանադայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի ինքնաթիռները:
ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը փետրվարի 12-ին անվտանգության հարցերով Մյունխենի ամենամյա միջազգային խորհրդաժողովում հայտարարել է, որ «2012 թվականին հակամարտության սկսվելուց ի վեր Սիրիա զինյալներ են ժամանել առնվազն 120 երկրներից»: Խոսքն «առնվազն 38,2 հազար օտարերկրյա զինյալների մասին է», ներառյալ «6,9 հազարը՝ Արևմուտքի պետություններից»՝ հստակեցրել է Քլեփերը: Նա նաև ասել է, որ ներկայացնում է դրա վերաբերյալ հատուկ ծառայությունների ամենավերջին գնահատականները։








































